ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ականավոր գիտնական, ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանի անունը գիտեն բոլորը. հանրահայտ ՄիԳ-ը եղել է և այսօր էլ կա աշխարհի շատ երկրների ռազմաօդային ուժերի զինանոցում: Այսօր լրանում է գիտնականի ծննդյան 120-ամյակը։ Նրա որդին` Հովհաննես Միկոյանը, «Զվեզդա» հեռուստաալիքին պատմել է, որ հայրը միշտ է երազել ավիացիայի և տիեզերքի մասին, անգամ վարունգի համար մարգեր փորելիս։ Նրա խոսքով` հայտնի ավիակոնստրուկտորն անընդհատ նշումներ էր անում, որոնք հետո վերածվում էին նրա կոնստրուկտորական բյուրոյի մշակումների:
«Ամբողջ կոլեկտիվը սիրում և հարգում էր նրան։ Եվ նա նույն կերպ էր վերաբերվում թիմի բոլոր անդամներին։ Անուն-հայրանունով ճանաչում էր ինքնաթիռ հավաքող բազմաթիվ աշխատողների, գիտեր նրանց խնդիրները՝ ընտանեկան, առօրյա: Երբեմն օգնում էր ֆինանսապես: Ոչ թե այն պատճառով, որ շատ փող ուներ, այլ պարզապես գիտեր, որ ինքն ավելի բարձր աշխատավարձ է ստանում և պետք է օգնել տվյալ աշխատակցին», - հիշում է գիտնականի որդին:
Միկոյանի ղեկավարությամբ ստեղծված ինքնաթիռները մտել են ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային ավիաշինության պատմության մեջ։ Նրա ՄիԳ-երով սահմանվել է ավելի քան 110 համաշխարհային ռեկորդ. այդ ինքնաթիռներից շատերն առաջինն էին իրենց տեսակի մեջ և մինչ օրս օգտագործվում են մի շարք երկրներում: Միկոյանի կոնստրուկտորական բյուրոյում ստեղծվել են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած ՄիԳ-1 և ՄիԳ-3 կործանիչները։ Պատերազմից հետո ստեղծվել են լեգենդար ՄԻԳ-15, Միգ-17, ՄիԳ-19, ՄիԳ-21, ՄիԳ-23, ՄԻԳ-25, ՄիԳ-27, ՄիԳ-29, ՄիԳ-31 ինքնաթիռները: