Թրամփը մտադիր է բարձրացնել Հնդկաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե տեղեկություն է ստացել, որ Հնդկաստանը մտադիր է հրաժարվել ռուսական նավթից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է էապես բարձրացնել Հնդկաստանի նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը՝ ի պատասխան ռուսական նավթի վերավաճառքի գործողությունների: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Հնդկաստանը հսկայական քանակի ռուսական նավթ է գնում, այնուհետև մեծ շահույթով վերավաճառում բաց շուկայում։ Հետևաբար ես էապես կբարձրացնեմ այն տուրքերը, որոնք Հնդկաստանը վճարում է ԱՄՆ-ին», - գրել է Թրամփը իրեն պատկանող «Truth Social» սոցցանցում։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե տեղեկություն է ստացել, որ Հնդկաստանը մտադիր է հրաժարվել Ռուսաստանից նավթ գնելուց: Միևնույն ժամանակ հնդկական «Mint» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, օգոստոսի 2-ին հաղորդել է, որ Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները շարունակում են նավթ գնել ռուսաստանյան մատակարարներից:
Հնդկաստանն աշխարհում էներգակիրների երրորդ խոշորագույն ներկրողն է և իր սպառած նավթի ավելի քան 80%-ը գնում է միջազգային շուկաներում: Ավելի վաղ «Times of India» պարբերականը, վկայակոչելով հումքային շուկաների վերաբերյալ «Kpler» վերլուծական ընկերության տվյալները, հայտնել էր, որ Հնդկաստանը Ռուսաստանից նավթի ներմուծումը հունիսին ավելացրել է` հասցնելով 11 ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակին: Գնումների աճը տեղի է ունեցել Իսրայելի և Իրանի միջև աշխարհաքաղաքական լարվածության ուժեղացումից հետո։
Ավելի քան 60 երկրի նկատմամբ 15-41% մաքսատուրքեր կգործեն. Թրամփը հրամանագիր է ստորագրել