Տեսչական մարմինը Երևանում առգրավել ու ոչնչացրել է ավելի քան 1850 կգ միս-մսեղիք

Մսի իրացմամբ զբաղվողները նշել են, որ պատրաստ են գնել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում անհրաժեշտ քանակ ապահովել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության շրջանակներում երկու շաբաթվա ընթացքում առգրավվել ու ոչնչացվել է 1859,9 կգ միս-մսեղիք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Միաժամանակ, Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է ԳՈՒՄ-ի շուկայում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին։
Մսավաճառները նշել են, որ պատրաստ են վաճառել միայն սպանդանոցային ծագման միս, սակայն սպանդանոցները չեն կարողանում ապահովել անհրաժեշտ խմբաքանակը։ Այս պայմաններում իրենք ստիպված ձեռք են բերում ու վաճառում բակային մորթի ենթարկված կենդանիների միս-մսեղիք:
Տիգրան Պետրոսյանը, արձագանքելով դժգոհություններին, նշել է, որ խնդրի լուծման հասցեատերը հենց վաճառքի կետերն են:
«Դուք չպետք է ընդունեք բակային մորթի ենթարկված կենդանու միսը. միանշանակորեն դա է խնդրի լուծման ճանապարհը: Եթե ընդամենը մեկ շաբաթ մսի իրացման կետերը հարգեն օրենքի պահանջը և վաճառեն միայն սպանդանոցից 5-րդ ձևի ուղեկցությամբ բերված անվտանգ միս, խնդիրը կկարգավորվի: Այլընտրանք չկա»,- շեշտել է ՍԱՏՄ ղեկավարը:
Տեսչական մարմինը զգուշացնում է, որ հանրապետության ամբողջ տարածքում մսի ծագման նկատմամբ վերահսկողությունը շարունակական է լինելու: