Քրդերը սիրիական բանակին մեղադրել են Հալեպի նահանգում ՍԴՈւ–ի հենակետերի վրա հարձակվելու մեջ

Քրդերի հայտարարության համաձայն՝ մարտեր են սկսվել, որոնք տևել են 20 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ) հայտարարել են, որ Հալեպի նահանգի Դեյր Հաֆեր շրջանում իրենց դիրքերի վրա են հարձակվել Սիրիայի անցումային կառավարության կողմից վերահսկվող զինված ուժերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Օգոստոսի 2-ի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՍԴՈւ-ն հարձակվել է Դեյր Հաֆերում գտնվող բանակային դիրքերի վրա՝ կրակ բացելով հրթիռային կայանքներից, ինչի հետևանքով վիրավորվել է 4 զինծառայող, Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերն էլ հրետանի են կիրառել։ ՍԴՈւ ղեկավարությունը հերքել է Դամասկոսի հայտարարությունները։
«Այսօր` ժամը 03: 00-ին, սիրիական անցումային կառավարության հետ առնչվող կազմավորումները գրոհել են մեր չորս դիրքերը Դեյր Հաֆեր շրջանի Ալ-Իմամ գյուղում։ Մեր ուժերը հետ են մղել հարձակումը», - ասվում է հայտարարության մեջ։
Քրդերի հայտարարության համաձայն՝ մարտեր են սկսվել, որոնք շարունակվել են 20 րոպե։
«Այդ գործողությունների պատասխանատվությունը կրում է Դամասկոսի կառավարությունը։ Մեր ուժերն ավելի քան երբևէ պատրաստ են լիարժեք վճռականությամբ օգտագործել պատասխան տալու իրենց օրինական իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ:
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» ռազմականացված կազմավորում է, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (արգելված է ՌԴ-ում) դեմ պայքարի պատրվակով ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ ։ Կազմավորման հիմնական մասը քրդական ջոկատներն են, որոնք գործում են «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ղեկավարությամբ։ ՍԴՈւ-ն վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան տարածքի մոտ մեկ երրորդը, որտեղ 2011 թվականին զինված հակամարտության սկսվելուց հետո քրդերը հայտարարել են սեփական ինքնավարությունը՝ Դամասկոսից անկախ վարչակազմով: Քրդերի կողմից վերահսկվող տարածքներում են գտնվում նավթի և գազի հիմնական հանքավայրերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի զգալի մասը։ 2025 թվականի փետրվարին ՍԴՈւ հրամանատար գեներալ Մազլում Աբդին հանդիպել էր Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաայի հետ և քննարկել քրդական ինքնավարության ինքնակառավարման մարմինների՝ ընդհանուր սիրիական պետական կառույցներին ինտեգրվելու հեռանկարները:
Թուրքիան կսկսի ադրբեջանական գազի մատակարարումը Սիրիա