Օգոստոսի 6-ից Դիլիջանի թունելը գիշերները փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար

Սահմանափակումների պատճառը թունելի երթևեկելի մասում իրականացվելիք միջին նորոգման աշխատանքներն են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ սահմանափակումների պատճառը թունելի երթևեկելի մասում իրականացվելիք միջին նորոգման աշխատանքներն են։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց կլինի։ Գիշերային ժամերին սահմանափակումների վերացման վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ։
Կառավարությունում քննարկել են Պուշկինի և Դիլիջանի թունելների հիմնանորոգման տարբերակները