Մոսկվան Գերմանիայի դեսպանատանը վճռական բողոք է հղել․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Հարավային Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում օրինական հիմունքներով անցել են Ռուսաստանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Մոսկվայում Գերմանիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Պետրա Զիգմունդի արտահայտությունների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում ՌԴ ինքնիշխանությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն։
«Մոսկվան ԳԴՀ դեսպանատանը վճռական բողոք է ներկայացրել հուլիսի 25-ին Ճապոնիայում Գերմանիայի դեսպան Պետրա Զիգմունդի կողմից հնչած անընդունելի արտահայտությունների կապակցությամբ, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը Հարավային Կուրիլյան կղզիների նկատմամբ` այդպիսով բացահայտ ոտնձգություն են դառնալով Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասված է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Հարավային Կուրիլյան կղզիները Ռուսաստանին անցել են օրինական հիմքերով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, իսկ այս արդյունքներն ամրագրված են դաշնակից տերությունների հետպատերազմյան պայմանավորվածություններով, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ:
Գերմանական կողմին ի գիտություն նշվել է, որ համերաշխությունը պաշտոնական Տոկիոյի իրավաբանորեն աննշան տարածքային նկրտումներին, որոնք բխում են Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների ռևանշիստական մեկնաբանումից, հատկապես սրբապղծություն է այս տարի, երբ առաջադեմ մարդկությունը նշում է Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի և նրա արբանյակների նկատմամբ հաղթանակի, ռազմատենչ Ճապոնիայի ջախջախման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակը։