ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո տեղում աշխատում են մասնագետները` խոտածածկի վիճակը գնահատելու համար, հաշվի առնելով, որ երգչուհու երկրպագուները պարել ու ցատկոտել են մարզադաշտում, իսկ առջևում Հայաստան–Պորտուգալիա խաղն է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանը։
Օգոստոսի 3-ին տեղի ունեցած համերգին, ըստ պաշտոնական տվյալների, ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։
Համերգի առաջ
© Sputnik
Հարցին՝ արդյոք խաղադաշտի վերականգնումն ավելի թանկ չէ, քան մարզադաշտի վարձակալության գումարը, Բարսեղյանը չպատասխանեց, հորդորելով մասնագիտական կարծիք ստանալ Ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Երեկվա համերգից հետո ես տուն չեմ գնացել , մենք այս պահին էլ մարզադաշտում ենք։ Բնական է, մարդիկ կանգնել են, խոտը չի ջրվել , մի քիչ դեղնել է, բայց կարծում եմ՝ կվերականգնենք։ Պետք է ջրենք ու հնձենք , որևէ այլ բան պետք չէ»,– ասաց Բարսեղյանը։
Մյուս հարցերով Բարսեղյանը կրկին հորդորեց դիմել Ֆուտբոլի ֆեդերացիային։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել ֆեդերացիայի հետ, իսկ թե ինչ մասնագիտական կարծիք ունեն նրանք, կփորձենք ստանալ գրավոր։
Հավելենք, որ Աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի Հայաստան–Պորտուգալիա խաղը նախատեսված է սեպտեմբերի 6-ին։