ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) ներկայացուցիչներն Իրան կատարելիք այցի ընթացքում տեսչական միջոցառումներ չեն անցկացնի միջուկային օբյեկտներում։ ինչպես տեղեկացնում է «Tasnim»-ը, այս մասին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները Իրան կժամանեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում: Այցի շրջանակում Իրանի իշխանությունները կառույցի հետ կքննարկեն համագործակցության հետագա ձևաչափը:
«ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը միայն իրանցի պաշտոնատար անձանց և մասնագետների հետ փորձագիտական-տեխնիկական մակարդակով բանակցելու իրավունք կունենա։ Խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն՝ բացի Իրանի միջուկային օբյեկտների ֆիզիկական հասանելիության արգելքից, արգելվում է այդ պատվիրակության կամ որևէ այլ օտարերկրյա կազմակերպության ցանկացած տեսչական միջոցառում մեր երկրի միջուկային օբյեկտներում», - ասել է Ազիզին։
Նրա խոսքով՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների և ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության միջև նախատեսված բանակցությունների շրջանակում գործակալությանը միջուկային օբյեկտների հասանելիություն տրամադրելու և դրանցում ստուգումներ անցկացնելու իրավունքի հարցը չի շոշափվի:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր` Թեհրանը գործակալության ղեկավարությանը հասկացրել է, որ պատրաստ է վերսկսել իր հետ տեխնիկական խորհրդակցությունները: Նա նաև նշել էր` ՄԱԳԱՏԷ-ն պնդում է, որ իր տեսուչները վերադառնան Իրան, որպեսզի գործակալությունը հնարավորինս շուտ շարունակի աշխատանքը հանրապետության միջուկային օբյեկտներում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի 2-ին հրամանագիր է ստորագրել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը կասեցնող օրենքի իրագործման մասին: Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է, որ չնայած ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու որոշմանը` համագործակցության ուղիները փակ չեն:
Իրանում համագործակցության վերականգնման պայման են նշել երկրի միջուկային օբյեկտների և ատոմային գիտնականների անվտանգության ապահովումը: