Լենինգրադի մարզում գնացք և ավտոբուս են բախվել. 1 մարդ մահացել է, 11–ը` վիրավորվել

Նշվում է, որ մեքենավարը արտակարգ արգելակում է իրականացրել, սակայն բախումը հնարավոր չի եղել կանխել անբավարար հեռավորության պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լենինգրադի մարզում բեռնատար գնացքի և զբոսաշրջային ավտոբուսի բախման հետևանքով մեկ մարդ մահացել է, 11-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Օկտյաբրսկայա երկաթուղին»։
«Վթարի հետևանքով շարժակազմը գծերից դուրս չի եկել։ Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի 12 ուղևոր է տուժել, որոնցից մեկը՝ մահացու», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում է «Օկտյաբրսկայա երկաթուղին»՝ այսօր ժամը 06:11-ին (Մոսկվայի ժամանակով) «Օկտյաբրսկայա երկաթուղու» Լոդեյնոյե Պոլե և Օլոնեց կայարանների միջև գտնվող երկաթուղային անցման վրա ավտոբուսը դուրս է եկել մոտեցող բեռնատար գնացքի դիմաց։
«Գնացքի վարորդը արտակարգ արգելակում է իրականացրել, սակայն հեռավորությունը բավարար չէր, և հնարավոր չի եղել խուսափել բախումից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գնացքի լոկոմոտիվի անձնակազմը բժշկական օգնության չի դիմել։