Խնդիրը Արցախի մասին հիշեցումն է. Խաժակյանը` ռուսական օգնության դեմ հակաքարոզի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամի կարծիքով` Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ռուսական կազմակերպություններից ստացած հումանիտար աջակցության դեմ կոչեր հնչեցնում են հիմնականում այն մարդիկ, ովքեր համակարծիք են իշխանական թեզերի հետ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանից Հայաստան է բերվել 140 տոննա հումանիտար բեռ։ Ռուսաստանից ստացված մարդասիրական օգնությունը փոխանցվել է Մասիս համայնքի Ազատաշեն, Արգավանդ, Գեղանիստ և Արբատ բնակավայրերում բնակվող շուրջ 100 ընտանիքի։
«Հանկարծ հայտնվում են մարդիկ, ովքեր կոչ են անում արցախահայությանը հրաժարվել այդ օգնությունից։ Զարմանալի չէ։ Ըստ իշխանության թեզերի՝ չպետք է խոսել արցախահայության վերադարձի իրավունքի մասին, և ընդհանրապես, Արցախի կորուստը համարում են Հայաստանի «անկախացման» գին»,– գրել է Խաժակյանը։
Ըստ նրա` Ռուսաստանը նման քայլերով ցույց է տալիս, որ իր համար դեռևս գոյություն ունի հավաքական արցախահայություն՝ իր բազմաբնույթ հումանիտար կարիքներով։
Խաժակյանի համար տարօրինակ է այն, որ նման աջակցությունը որպես մարդասիրական և օրինակելի ժեստ խրախուսելու փոխարեն այս մարդիկ զբաղված են հակաքարոզչությամբ՝ թիրախավորելով արցախահայության հավաքական իրավունքների պաշտպանումը որևէ մակարդակում:
ՀՀ–ում միայն արցախցիների խնդիրը չէ․ Տարոն Չախոյանը՝ կառավարության աշխատանքի մասին
«Ասել է թե՝ նրանց խնդիրը օգնությունը չէ, այլ այն, որ որևէ մակարդակում փորձ է արվում հիշեցնել Արցախի և արցախահայության մասին՝ որպես ադրբեջանաթուրքական ագրեսիայի և էթնիկ զտման զոհ»,– ընդգծել է նա:
Նշենք, որ Հայաստանում Արցախից տեղահանված անձանց համար նախատեսված 140 տոննա մարդասիրական օգնության ակցիան «Եվրասիա» ՀԿ-ն իրականացնում է «Ռուսական մարդասիրական առաքելության» և Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ: