ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման դեպքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բուժաշխատողների մեծ մասը ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն:
Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին:
Միաժամանակ, միջնորդագրեր են ներկայացվել լիազոր մարմնին՝ նշված բուժաշխատողների մասնագիտական գործունեության կասեցման, ինչպես նաև վերջիններիս տրված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերն ուժը կորցրած ճանաչելու հարցերը քննության առնելու համար։
Ընդգծվում է, որ տեսչական մարմինն օրենսդրությամբ վերապահված իր լիազորությունների շրջանակներում հետամուտ է լինելու բժշկական կրթության փաստը հավաստող փաստաթղթերի կեղծման դեպքերի հետագա բացահայտմանը։