ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Իսրայելի և ԱՄՆ-ի հետ բանակցել Գազայի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ, որը վերջ կդնի պաղեստինյան անկլավում ընթացող պատերազմին և թույլ կտա ազատ արձակել բոլոր պատանդներին: Այս մասին գրում է «The National»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Լրատվամիջոցի աղբյուրների խոսքով՝ համապարփակ համաձայնագրի նախագծի քննարկումներին մասնակցում են մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Կատարի և Եգիպտոսի միջնորդները:
Միաժամանակ շփումներն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես էլ Կահիրեում և Դոհայում անձնական հանդիպումների միջոցով։ Սակայն աղբյուրները չեն բացահայտում քննարկումների բովանդակությունը՝ միայն նշում են, որ, ինչպես սպասվում է, դրանք կավարտվեն առաջարկվող 60-օրյա զինադադարի ընթացքում:
Ըստ նույն աղբյուրների` ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ համապարփակ համաձայնագրի որոնումը դուռ կբացի իսրայելական զորքերի դուրսբերման և պատերազմի երկարաժամկետ դադարեցման վերաբերյալ պահանջների շուրջ բանակցությունների համար:
Բացի այդ, նրանց խոսքով, ՀԱՄԱՍ-ը հուսով է, որ քննարկումները կանդրադառնան նաև Գազայի հետպատերազմական ապագային և զենքը վայր դնելուց հետո շարժումը քաղաքական ուժի վերածելու ծրագրերին:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: