Գազայի բնակիչներին սննդից զրկելը կարող է հավասարեցվել մարդկության դեմ հանցագործությանը.ՄԱԿ

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը շարունակում է խստորեն սահմանափակել մարդասիրական օգնության մուտքը Գազա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի - Sputnik. Գազայի քաղաքացիական անձանց պարենամթերքին հասանելիություն տրամադրելուց Իսրայելի հրաժարվելը կարող է մարդկության դեմ հանցագործություն լինել։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկի հայտարարության մեջ նշվում է, որ իրավիճակն անտանելի է։
«Իսրայելը շարունակում է խստորեն սահմանափակել մարդասիրական օգնության մուտքը Գազա, և ներմուծման համար թույլատրված օգնության ծավալը հեռու է անհրաժեշտից․․․ Քաղաքացիական անձանց սննդին հասանելիությունը մերժելը կարող է հավասարեցվել ռազմական հանցագործության, ինչպես նաև մարդկության դեմ հնարավոր հանցագործության»,-ասվում է փաստաթղթում:
Թյուրկի խոսքով՝ երրորդ երկրները պետք է ձեռնպահ մնան միջազգային իրավունքի՝ հակամարտության ցանկացած կողմից իրականացվող խախտումներին աջակցելուց և պետք է ազդեցության բոլոր հնարավոր լծակներն օգտագործեն նման խախտումները կանխելու և դրանք դադարեցնելու համար:
«Գազայում սովահար մարդկանց լուսանկարներն ու տեսանյութերը հոգեցունց են ու անտանելի։ Այն, որ մենք հասել ենք այս փուլին, վիրավորանք է ողջ մարդկության համար։ Սա ևս մեկ հիշեցում է, որ բռնությունը պետք է մեկընդմիշտ ավարտվի: Կյանքերի փրկությունը պետք է յուրաքանչյուրի առաջնահերթությունը լինի»,-ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վարչության ղեկավարը։
Նա հավելել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պետք է անհապաղ հասանելիություն ստանա Գազայում մնացած պատանդներին։
Ավելի վաղ Գազայի հատվածի իշխանությունները հայտնել էին, որ Իսրայելը հուլիսի 27-ից պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումների մասնակի վերականգնումից հետո թույլատրել է ընդամենը 674 բեռնատարի մուտքը, ինչը ծածկում է բնակչության կարիքների առավելագույնը 14 տոկոսը: Գազայի իշխանությունների տվյալներով՝ պարենի, առաջին անհրաժեշտության իրերի, վառելիքի և դեղորայքի ոլորտում բնակիչների նվազագույն պահանջմունքների ապահովման համար ամեն օր պետք է Գազա մուտք գործի մարդասիրական օգնությամբ բեռնված շուրջ 600 բեռնատար: