ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Իրանը չի կարծում, որ Իսրայելի կողմից սպառնալիքը վերացել է։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։
«Սիոնիստական թշնամին, պատրանքներ տածելով Իրանին վնասելու հնարավորության մասին, տարբեր դավադրություններ է ծրագրել։ Սակայն, տեսնելով Իրանի ժողովրդի դիմադրությունը, հասկացել է, որ ռազմավարական սխալ է թույլ տվել», – հայտարարել է Խաթամին, փոխանցում է IRNA-ն։
Նրա խոսքով՝ Իրանը պահպանել է այն հզորությունը, որն ապահովվում է հրթիռների և ԱԹՍ-ների հաշվին, և պատրաստ է գործողությունների։
«Ճիշտ այնպես, ինչպես մենք շարունակել ենք գրոհներն մինչև հրադադարի, այնպես էլ այժմ հաստատակամորեն մտադիր ենք առաջ գնալ պաշտպանական արդյունաբերության ոլորտում... նույնիսկ ավելի մեծ վճռականությամբ, քան նախկինում», – հայտարարել է իրանցի գեներալը:
2025-ի հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Իսրայելը հարվածների թիրախ էր հայտարարել ատոմային օբյեկտները, միջուկային ֆիզիկոսներին, ավիաբազաները։
Այնուհետև հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմին», հակառակ դեպքում կբախվի «շատ ավելի վատ հետևանքների»։
Ի պատասխան՝ Թեհրանը գործողություն էր սկսել Կատարում տեղակայված Վաշինգտոնի ռազմական բազաների դեմ։
Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը ժամկետային սահմանափակում չունի և «կտևի հավերժ»։