Եմենի ափերի մոտ 150 ներգաղթյալ տեղափոխող նավ է խորտակվել. զոհվել է ավելի քան 20 մարդ

Միգրանտներով նավ. Արխիվային լուսանկար
Տասնյակ միգրանտներ համարվում են անհետ կորած:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից միգրանտներ տեղափոխող նավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Եմենի աղբյուրները:
Տեղի անանուն պաշտոնյան «Սինհուային» հայտնել է, որ նավը շրջվել է շաբաթ օրը ժամը 23.00-ին ուժեղ քամիների պատճառով: Փրկարարական խմբերը կիրակի առավոտյան տեղում ավելի քան 20 մարմին են հայտնաբերել Շուքրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ: Տասնյակ միգրանտներ շարունակում են անհետ կորած համարվել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 12 փրկվածներ տեղափոխվել են հիվանդանոց:
Աբյան նահանգի անվտանգության վարչությունը հայտնել է, որ անվտանգության ուժերն իրականացնում են Եթովպիայից ներգաղթյալների մարմինները ջրից դուրս բերելու գործողություն: