Ինչո՞ւ է ակտիվացել Վահագն Խաչատուրյանը

«Ժողովուրդը» գրում է, որ Վահագն Խաչատուրյանը հատուկ հանձնարարություն է ստացել ՀՀ վարչապետից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ներքին պայմանավորվածություն ունեն, որ վերջինս ակտիվ մասնակցություն ունենա խորհրդարանական ընտրությունների ընթացքին։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
«Խաչատուրյանն արդեն սկսել է հանդիպում-զրույցներ ունենալ ՀՀ քաղաքացիների հետ՝ հասկանալու հասարակական տրամադրությունները և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը՝ այդ ամենը ներկայացնելու Փաշինյանին։ Եվ քանի որ նախագահը այն անձն է, որը դեռևս ինչ-որ չափով կարող է մարդկանց հետ լեզու գտնել, վերջնականապես վարկաբեկված չէ, նրան «գործուղել են» մարզեր։ Չի բացառվում, որ նա հանդիպումներ ունենա նաև Երևանի տարբեր վարչական շրջաններում»,–գրում է թերթը։
Հիշեցնենք` ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ Նախիջևանից Ադրբեջան անարգել երթևեկություն տրամադրելով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան հատվածի միջև անարգել երկաթուղային հաղորդակցությանը, բայց Հայաստանի իրավասության շրջանակներում:
ՀՀ Վահագն Խաչատուրյանը հուլիսին Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց, թե Սյունիքը Հայաստանի զարգացման դարպասն է դառնալու հետագայում։ Սրան արձագանքեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` նշելով, որ իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալ «միջանցք» եզրույթի, գործընթացի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածել փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու:
Հավելենք, որ Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026թ–ին։