«Telcell» ապարատներից առանց QR–ի տոմս գնած քաղաքացիների կտրոնները չեն կորել. պարզաբանում

«Telcell»–ից նաև հայտնում են, որ նրանք, ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն 8830 հեռախոսահամարով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. «Telcell»–ի ապարատներից առանց QR–ի տոմս գնած քաղաքացիների տոմսերը չեն կորել, և ուղևորները դրանք կարող են գտնել իրենց հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet դրամապանակի «Տրանսպորտ» բաժնում։Այս մասին այսօր հաղորդագրություն է տարածել «Telcell»–ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի կայարաններում այսօր հերթեր են գոյացել թղթային տոմսերի չեղարկման պատճառով։ Օգոստոսի 1–ից շրջանառությունից հանվել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար մեկանգամյա օգտագործման QR կոդով թղթային տոմսերը։ Չիմանալով, որ այսօրվանից QR–ի թղթային տարբերակը չի գործում` շատերը «Telcell»–ի ապարատներից տոմս են գնում։ Ապարատը փողը գանձում է, տոմսը տալիս առանց QR–ի։
«Telcell»–ից նաև հայտնում են, որ նրանք, ովքեր սխալ հեռախոսահամար են հավաքել, կարող են դիմել «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության զանգերի կենտրոն 8830 հեռախոսահամարով։
Ընկերությունից պարզաբանել են նաև, որ «Ուղետոմս» բաժնում «Մեկանգամյա» անվամբ կոճակը փոխարինվել է «QR դրամապանակ»-ով, որը սեղմելուց հետո տերմինալի էկրանի վրա հայտնվում է նախազգուշացնող տեքստ, ըստ որի՝ «քանի որ թղթային QR ուղետոմսերը դուրս են եկել շրջանառությունից, այսուհետ կտրամադրվի էլեկտրոնային QR ուղետոմս, որը կստանաք այն Telcell Wallet–ին, որի հեռախոսահամարը մուտքագրեք»։
Ըստ «Telcell»–ի` ուղևորներն, առանց կարդալու այդ գրությունն անցել են հաջորդ քայլին և ձեռք «են բերել տոմս, որն ուղարկվել է իրենց կողմից հավաքած հեռախոսահամարի Telcell Wallet–ին։
Նշենք, որ «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Հիշեցնենք` 2025 թ. հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Ներդրվել է նաև ուղետոմսի նոր սակագին` 150 դրամ, որը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։