ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն վերադարձրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի բջջային հեռախոսը։ Նա այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան էջում։
«ՀՀ քննչական մարմինների հակասահմանադրական, խայտառակ գործողությունների հետևանքով, երբ բռնի ուժով բնակարանիցս գողացան անձնական օգտագործման բջջային հեռախոսս, 21 օր հետո միայն հնարավորություն եմ ստանում օգտվել իմ սոցէջերից»,– գրել է նա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Մանուկյանը նշեց՝ քննիչը հեռախոսը վերադարձրել է առանց որևէ մեկնաբանություն կամ բացատրություն տալու ու առանց ներողություն խնդրելու։
Նա հիշեցրեց, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին 2 անգամ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն դիմումներն անպատասխան են մնացել։
«Ես հետևողական եմ լինելու։ Տվյալ դեպքում սա այն խայտառակ օրինակն է, երբ իրավապահ համակարգը թքած ունի պատգամավորական անձեռնմխելիության վրա, ամեն հայրենակից հասկանում է, որ իր պաշտպանվածությունը շատ ավելի թույլ է, որի ականատեսն ենք լինում, երբ մարդկանց բռնում են, ազատությունից զրկում են ու վերջում «извини друг»-ով ճանապարհում են տուն»,- ասաց Մանուկյանը։
Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը նաև գրառում էր արել՝ նշելով, որ առաջիկայում առիթ կունենա փաստարկված, միջազգային կառույցների ուսումնասիրման հիման վրա ներկայացնել, թե այս օրերին ինչ անօրինական գործողություններ են ուժայինները կատարել իր հեռախոսում առկա տվյալների հետ։
Սրա վերաբերյալ Մանուկյանն այս փուլում չցանկացավ մանրամասներ հայտնել։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք հեռախոսից ինչ-որ տվյալներ անհետացել են, թե ոչ, Մանուկյանն ասաց՝ դեռ չի ստուգել, հեռախոսն անջատված է։
«Մենք Հայաստանում գործ ունենք նիկոլական իրավապահ համակարգի հետ, երբ առավոտից գիշեր քննչական մարմիններն ու ֆեյքերը ձայն ձայնի տված ոչ օրինական գաղտանլսում և ձայնագրություններ են հրապարակում»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություն էր կատարվել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը, որից հետո նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել էր։ Խուզարկության ժամանակ առգրավել էին համակարգիչներից մեկը, անձնական իրեր, Տարոն Մանուկյանի հեռախոսը, նաև ուժով խլել էին Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դատարանի որոշման մեջ իր հեռախոսի վերաբերյալ ոչինչ չկար։ Իրավապահները պատգամավորի հեռախոսը զննել էին, այնտեղ մի անուն գտել, որը, ըստ Մանուկյանի, հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Դրանից հետո իրեն հրավիրել էին պատշգամբ` զրուցելու, ապա ուժով վերցրել հեռախոսը։