ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրամայել է երկու ատոմային սուզանավ ուղարկել «համապատասխան շրջաններ»՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի «խիստ սադրիչ» արտահայտություններից հետո:
«Ռուսաստանի նախկին նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևի խիստ սադրիչ հայտարարությունների ֆոնին ես հրաման եմ տվել երկու ատոմային սուզանավ տեղակայել համապատասխան տարածաշրջաններում, որպեսզի այդ անխոհեմ և սադրիչ արտահայտությունները պարզապես խոսքեր չլինեն»,- գրել է Թրամփը TRUTH Social սոցցանցում:
Նա հավելել է, որ բառերը նշանակություն ունեն և հաճախ հանգեցնում են չնախատեսված հետևանքների՝ հույս հայտնելով, որ դրանից հնարավոր կլինի խուսափել:
Նշենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հրապարակային լեզվակռիվը սոցիալական ցանցերում համընդհանուր ուշադրության է արժանացել, ներառյալ համաշխարհային ԶԼՄ-ները։
Ամեն ինչ սկսվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարարությունից հետո այն մասին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հասնելու համար իր կողմից ավելի վաղ սահմանված 50-օրյա ժամկետը կրճատում է մինչև 10-12 օր:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կտրուկ էր արձագանքել ԱՄՆ նախագահի հայտարարությանը և կոչ էր արել զգուշանալ հակամարտությունը սրելուց։