ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավարն ընդգծել է Ժնևում կենտրոնակայանի միջոցով կազմակերպության հետ Բաքվի համագործակցության շարունակման կարևորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը հայտարարել է երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։
Բաքվի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Կոիչը «գոհունակություն է հայտնել համագործակցության և այն աջակցության համար, որն Ադրբեջանի կառավարությունը ցուցաբերել է ԿԽՄԿ-ին աշխատանքի տարիներին»:
Նա նաև ընդգծել է Ժնևում կենտրոնակայանի միջոցով ԿԽՄԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու կարևորությունը:
Ավելի վաղ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել էր, որ կազմակերպության աշխատակիցները վերջին անգամ Ադրբեջանում պահվող հայերին այցելել են հունիսին: Հուլիսին այցելություններ չեն եղել։
Նշենք, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն է, որը հասանելիություն ուներ Ադրբեջանում պահվող հայ գերիներին։