ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ Տարեցտարի առնվազն 10 տոկոսով ավելանում է Իրանից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը։ Այսօր «Նավասարդ» հայ-իրանական խոհանոցային-մշակութային փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
«Անցյալ տարի ունեցել ենք մոտ 180 հազար զբոսաշրջիկ Իրանից, որը 30 հազարով ավելի էր 2023 թվականի ցուցանիշից։ Իսկ, ընդհանուր առմամվ, սկսած 2021 թվականից՝ այցելուների թիվը կրկնապատկվել է։ 2021թ․-ի 90 հազարի փոխարեն նախորդ տարի ունեցել ենք 180 հազար այցելու հարևան և բարեկամ Իրանից»,- ասաց Գևորգյանը։
Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ արդեն գերազանցել ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (նախորդ տարվա 69 հազարի փոխարեն այս տարի 77 հազար զբոսաշրջիկ)։
Գևորգյանի խոսքով՝ իրադարձային տուրիզմը բավականին մեծ ազդեցություն ունի զբոսաշրջային հոսքի ավելացման համար, և «Նավասարդ» փառատոնն այս առումով ամենակարևորներից է։
Ըստ կատարված ուսումնասիրության՝ մեր երկիր այցելող իրանցի զբոսաշրջիկներին հիմնականում գրավում են պատմամշակութային վայրեր այցելություններն ու գաստրոտուրիզմը։
Ըստ կառավարություն ներկայացված զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարության՝ ակնկալվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 միլիոնի, իսկ հեռանկարում՝ մինչև 5 միլիոնի։
Կոմիտեն աշխատանքներ է տանում ասիական շուկայից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ, մասնավորաբար՝ Չինաստանից և Հնդկաստանից։ Նպատակ կա ավելացնելու Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի ուղղությունները, օրինակ, ուղիղ ավիակապ հաստատել Շանհայի հետ։
Ինչ վերաբերում է Հնդկաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը, վերջերս Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Հայաստանում Հնդկաստանի դեսպանը քննարկել են շենգենյան բազմակի մուտքի վիզա և ԱՄՆ մուտքի վիզա ունեցող Հնդկաստանի քաղաքացիների համար Հայաստան անարգել մուտքի հնարավորություն ստեղծելու հարցերը։ Ըստ կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի՝ խոսքն այստեղ մի քանի միլիոն մարդկանց, այս դեպքում՝ պոտենցիալ զբոսաշրջիկների մասին է։