ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանից Սիրիա գազի մատակարարումները կֆինանսավորի Կատարը։ Այս մասին X սոցցանցում գրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպանորդ Թոմաս Բարաքը։
«Անկեղծորեն երախտապարտ ենք Կատարին Սիրիայի համար կենսական կարևոր գազային նախաձեռնության լիարժեք ֆինանսավորման համար։ Օգոստոսի 2-ից սկսած՝ Թուրքիայի տարածքով հասնող ադրբեջանական բնական գազը կապահովի մինչև 800 ՄՎտ էլեկտրաէներգիա՝ սա նշանակում է լույսով կապահովվի 5 մլն տուն։ Սա կարևոր քայլ է կրիտիկական ժամանակահատվածում մարդասիրական իրավիճակի մեղմացման և կայունացման ուղղությամբ։ Կատարը և նրա ղեկավարությունը իսկական համերաշխություն և գործընկերություն են ցուցաբերել», – նշել է Բարաքը։
Ավելի վաղ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարլսան Բայրաքթարը հայտնել էր, որ երկիրը կսկսի ադրբեջանական գազ մատակարարել Սիրիայի Հալեպ քաղաքով՝ հարավարևելյան Քիլիս նահանգի միջոցով։