ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik․ ՌԴ կառավարությունը Պետդումայում վավերացմանն է ներկայացրել ԱՄՆ-ի հետ պլուտոնիումի օգտահանման մասին համաձայնագիրը չեղարկելու նախագիծը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային բազայում։
Համաձայնագիրը կնքվել է 2000 թվականին և վավերացվել է 11 տարի անց։ Երկու կողմերն էլ, ըստ փաստաթղթի, պարտավորվում էին ուտիլիզացնել 34 տոննա զինագործական պլուտոնիում: Քիմիական տարրը նաև ավելորդ էր հայտարարվում ռազմական և պաշտպանական ծրագրերի համար։
Կառավարության ներկայացրած օրինագիծը նաև ենթադրում է, որ համաձայնագրին ուղեկցող բոլոր արձանագրությունները նույնպես չեղյալ կհայտարարվեն։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն էր ստորագրել Շվեդիայի հետ միջուկային կայանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու մասին: Խոսքը ԽՍՀՄ կառավարության և Ստոկհոլմի միջև միջուկային վթարի մասին օպերատիվ ծանուցման և միջուկային կայանքների մասին տեղեկատվության փոխանակման մասին պայմանագրի մասին է, որն ստորագրվել է 1988 թվականի հունվարի 13-ին: