ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանի չեմպիոն «Նոան» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլը։ Երևանյան ակումբը երկրորդ խաղում նույնպես պարտվեց հունգարական «Ֆերենցվարոշին», այս անգամ` 3:4 հաշվով։
Խաղի սկիզբն ավելի քան ակտիվ էր. հունգարացիները հաշիվը բացեցին հենց առաջին րոպեին՝ սերբ հարձակվող Ալեքսանդր Պեշիչի ճշգրիտ հարվածից հետո։ Վեց րոպե անց «Նոայի» պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրան հավասարեցրեց հաշիվը։ Եվս վեց րոպե անց ֆրանսիացի հարձակվող Լենի Ժոզեֆը կրկին առաջ մղեց հունգարական թիմին։ Ցուցատախտակին երկար չմնաց նաև այս հաշիվը. առաջին խաղակեսի 22-րդ րոպեին բրազիլացի Մաթեուս Այասը «Նոային» վերադարձրեց խաղի հավասարակշռությունը՝ 2:2։ Այս հաշվով էլ թիմերը գնացին ընդմիջման։
Հունգարացիները երկրորդ խաղակեսը ակտիվ սկսեցին և 52-րդ րոպեին վաստակեցին 11 մետրանոց հարված, որը իրացրեց Զաքարիասենը։ Բայց նույնիսկ դրանից հետո Հայաստանի չեմպիոնը չհանձնվեց. 70-րդ րոպեին, Տորարինսոնի փոխանցումից հետո, «Նոայի» խորվաթ նորեկ Ալան Գրգիչը հավասարեցրեց հաշիվը՝ 3:3։ Ափսոս` ֆուտբոլային թրիլլերը դրանով չավարտվեց. չորս րոպե անց Վարգան առաջ մղեց «Ֆերենցվարոշին»՝ հաշիվը դարձնելով 4:3 հաշվով: Այս գոլը դարձավ վերջինն այս խաղում։
Հիշեցնենք` առաջին խաղում «Նոան» պարտվեց սեփական հարկի տակ 1:2, իսկ երկու խաղից հետո՝ 4:6 հաշվով, և կշարունակի Եվրոպայի գավաթի իր ուղին ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում:
Նշենք, որ հուլիսի 31-ին «Արարարտ-Արմենիան» և «Փյունիկը» կանցկացնեն Կոնֆերենցիայի լիգայի երկրորդ փուլի պատասխան խաղերը: