ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում 1:3 հաշվով պարտվեց հունգարական «Դյորին»:
Դաշտի տերերն ակտիվորեն սկսեցին խաղը՝ ակնհայտորեն փորձելով արագ գոլ խփել, և դա նրանց հաջողվեց. 16-րդ րոպեին ալժիրցի Բենբուալիի շնորհիվ «Դյորն» առաջ անցավ։ Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսն անցավ հունգարական թիմի առավելությամբ։ «Փյունիկին» այդպես էլ չհաջողվեց «կառչել» գնդակից և քիչ թե շատ վտանգավոր պահեր ստեղծել տանտերերի դարպասի մոտ:
Երկրորդ խաղակեսի սկիզբը նույնպես հունգարացիներն «իրենցով արեցին». Հենրի Ավագյանի զույգ սեյվերն ու կողային ձողին հարվածը փրկեցին երևանցիներին խաղի երկրորդ կեսի մեկնարկին: Հունգարական թիմի առավելությունը և մշտական ճնշումը հայկական թիմի դարպասների վրա ի վերջո հանգեցրին երկրորդ գոլի. 69-րդ րոպեին նույն Բենբուալին դուբլ ձևակերպեց:
84-րդ րոպեին Օկանսիի ջանքերով «Փյունիկը» մեկ գնդակը «հետ բերեց», սակայն չկարողացավ հանդիպումը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ 90-րդ րոպեին հունգարացիները խփեցին երրորդ գնդակը և դուրս եկան ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ՝ հաղթելով 4:3 ընդհանուր հաշվով:
Նշենք, որ առաջին խաղում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն 2:1 հաշվով հաղթել էր «Դյորին»: Այս րոպեներին ՉԼ-ի պատասխան հանդիպումն է շարունակում «Արարատ-Արմենիան», որը մրցակցի հարկի տակ խաղում է ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» հետ: