ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Հայ հրաձիգները լավ էին պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, բայց նման բարձր արդյունքների և ռեկորդի չէին սպասում: «Զվարթնոց» օդանավակայանում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Մարգարյանը, որը 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում համաշխարհային ռեկորդ է սահմանել։
«Բավականին բարդ էր, բայց մենք լավ էինք պատրաստվել։ Ռեկորդին չէի սպասում, բայց պատրաստված, լավ մարզված և մեծ հույսերով էինք մասնակցում»,- ասաց Մարգարյանը, որը մյուս մարզիկների հետ քիչ առաջ վերադարձավ Ֆրանսիայից։
Նրա խոսքով՝ Հայաստանում բավականին լավ, պատրաստված մարզիկներ կան։ Հրաձգությունը թանկ սպորտաձև է, ու դա է պատճառը, որ այս սպորտաձևով զբաղվողները շատ չեն։
«Ամեն մարզիկին զենք է հարկավոր, բայց ունենք լավ մարզիկներ, որոնք Եվրոպայի և աշխարհի հարթակներում իրենց տեղն են զբաղեցնում։ Հիմա էլ գրեթե բոլորը մեդալներով են վերադարձել»,- ասաց Մարգարյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Շատորու քաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 7-ն անցկացվում է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը:
Հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանի թիմը նվաճել է 6 ոսկե, 7 արծաթե և 4 բրոնզե մեդալ, իսկ Հովհաննես Մարգարյանը սահմանել է աշխարհի ռեկորդ: