Առողջական լուրջ խնդիրներով բանակ են զորակոչվում. ՄԻՊ–ն այստեղ օրենսդրական խնդիր է տեսնում

ՄԻՊ-ի խոսքով՝ իրենց կառույցը պարբերաբար բարձրաձայնել է այս խնդիրների մասին, այդ թվում՝ առաջարկել են բարելավել օրենսդրությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդիր է տեսնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցներում նա այս մասին ասաց` անդրադառնալով առողջական լուրջ խնդիրներով բանակ զորակոչվելու դեպքերին։
Ամառային զորակոչը ՀՀ–ում երկարաձգվեց մինչև օգոստոսի 15–ը
Օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին, որ զորակոչվելուց ընդամենը մեկ օր անց 18-ամյա Ավետիք Մաթևոսյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Տղան սրտանոթային խնդիրներ ունի և նյարդաբանական խնդիրներով պայմանավորված էլ գիտակցության կորուստ է ունենում։ Նա մեկ ամիս է՝ հոսպիտալում է։
«Հատուկ շեշտեմ, որ օրենսդրությունն է սահմանում, թե որ դեպքերում են ազատվում զինծառայությունից, որ դեպքերում են ճանաչվում սահմանափակումով պիտանի։ Պարբերաբար տեսակետս ներկայացրել եմ, որ օրենսդրական կարգավորումները լրացուցիչ խնդիր են ստեղծում ոչ միայն քաղաքացիների, այլև հենց Զինված ուժերի համար՝ ծառայության տեսանկյունից։ Հույս ունեմ՝ հետագայում քննարկումները կշարունակենք ու կունենանք լուծումներ»,– ասաց Անահիտ Մանասյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ իրենց կառույցը պարբերաբար բարձրաձայնել է այս խնդիրների մասին, այդ թվում՝ առաջարկել է բարելավել օրենսդրությունը։