ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Իրանի հետ բանակցությունների վերսկսման պայմանների շրջանակներում ԱՄՆ–ն պետք է երաշխավորի, որ չի կրկնի երկրի վրա հարձակումը և կփոխհատուցի պատճառված վնասը: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Արաղչիի խոսքով՝ Իրանը չի համաձայնի սովորականի պես գործն առաջ տանելուն։
«Նրանք (ԱՄՆ-ն - խմբ.) պետք է բացատրեն` ինչու են հարձակվել մեզ վրա բանակցությունների թեժ պահին և պետք է երաշխավորեն, որ չեն կրկնի դա... Եվ նրանք պետք է փոխհատուցեն պատճառված վնասը», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։
Իրանը և ԱՄՆ–ն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների հինգ փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար հունիսի 15-ին, սակայն չկայացավ Թեհրանի և Թել Ավիվի միջև ռազմական հակամարտության բռնկման պատճառով։
Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու հիմնական պատրվակը Իսլամական Հանրապետությանը ուղղված մեղադրանքն էր, թե նա գաղտնի ռազմական միջուկային ծրագիր է մշակում։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները հերքում են գաղտնի ռազմական միջուկային ծրագիր մշակելու մեղադրանքները՝ ընդգծելով, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացը Վաշինգտոնի հետ, բայց առանց նախապայմանների։ Մասնավորապես, Իրանը դեմ է ԱՄՆ-ի պահանջին՝ «զրոյացնել» ուրանի հարստացումը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիի խոսքով՝ Թեհրանը դեռ չի ծրագրում բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։ Իրանը կարծում է, որ դեռևս պայմաններ չեն հասունացել խորհրդակցությունների նոր փուլի համար։