ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՌԴ Սախալինի մարզի Սևերո-Կուրիլսկի շրջանից երկրաշարժից հետո բոլոր մարդկանց տարհանել են։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Սևերո-Կուրիլսկի քաղաքապետ Ալեքսանդր Օվսյաննիկովը։
«Բոլորը տարհանվել են, բավականաչափ ժամանակ կար... Բոլոր մարդիկ անվտանգ գոտում են։ Այնպիսի ավերածություններ, որտեղ մարդիկ կարող էին տուժել, չկան», - ասել է Օվսյաննիկովը մարզպետ Վալերի Լիմարենկոյի հետ խորհրդակցության ժամանակ։
Իր հերթին, Սախալինի մարզի կառավարության ներկայացուցիչը մարզպետի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ցնցումները շարունակվում են, Սախալինի մարզում ցունամիի վտանգը չի վերացել։
«Երկրաշարժը շարունակվում է, ցունամիի վտանգը դեռ չենք հանել, բնակչությունը մնում է բարձրադիր վայրերում, կազմակերպվել է բժշկական օգնություն», – ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր Կամչատկայում երկրաշարժի և ցունամիի մասին: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը, տարբեր գնահատականներով, հասել է 8.7 մագնիտուդի: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ցնցումների ինտենսիվությունը, նախնական գնահատականներով, առնվազն 6 բալ է կազմել:
Հիմնական երկրաշարժից հետո ևս 30 զգալի հետցնցում է գրանցվել: Սախալինի մարզի կառավարությունը հայտնել է, որ երկրաշարժից և ցունամիից հետո Սևերո-Կուրիլսկի շրջանում արտակարգ դրություն է մտցվել: