Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի նկատմամբ 25% ներմուծման մաքսատուրք կսահմանվի

Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն չափազանց բարձր տուրքերի պատճառով Հնդկաստանի հետ երկար տարիներ համեմատաբար փոքր բիզնես է վարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ օգոստոսի 1-ից 25% մաքսատուրք կսահմանվի Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար: Նա այդ մասին գրել է «Truth Social» սոցիալական ցանցում` վկայակոչելով Նյու Դելիի բարձր տուրքերը, առևտրային արգելքներն ու «Ռուսաստանի հետ համագործակցությունը»:
Ինչպես պնդում է Թրամփը, Հնդկաստանն իր սպառազինության մեծ մասը միշտ գնել է Ռուսաստանից և ռուսական էներգակիրների ամենախոշոր գնորդներից է:
«Հնդկաստանը օգոստոսի 1-ից կվճարի 25% տուրք, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների համար տուգանք», - գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը նշել է՝ չափազանց բարձր տուրքերի և ֆինանսական բեռ առաջացնող խոչընդոտների պատճառով ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ տարիներ շարունակ վարել է համեմատաբար փոքր բիզնես:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին հրամանագիր ստորագրեց այլ երկրներից ներկրման համար «փոխադարձ» մաքսատուրքեր սահմանելու մասին: Մաքսատուրքերի բազային տոկոսադրույքը 10% է, իսկ 57 երկրների համար ապրիլի 9-ից գործարկվել են ավելի բարձր տոկոսադրույքներ, որոնք հաշվարկվել են՝ ելնելով տվյալ երկրի հետ ԱՄՆ-ի առևտրային պակասուրդից և հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտությունից։ Սակայն արդեն ապրիլի 9-ին Թրամփը հայտարարեց, որ ավելի քան 75 երկրներ չեն ձեռնարկել պատասխան միջոցներ և բանակցություններ են խնդրել, ուստի Չինաստանից բացի մյուս երկրների համար 90 օրով (այսինքն՝ մինչև հուլիսի 9-ը) կգործեն ներմուծման 10% բազային մաքսատուրքեր: Այդ ամսաթվից առաջ Թրամփը օտարերկրյա ապրանքների ներմուծման ավելացված մաքսատուրքերի գործողության ժամանակավոր դադարեցումը երկարաձգեց մինչև օգոստոսի 1-ը և մի շարք երկրների ծանուցագրեր ուղարկեց այդ ամսաթվից նրանց համար տուրքի բարձրացման մասին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը «Truth Social» սոցիալական ցանցում ավելի վաղ գրել էր, որ ցանկացած պետություն, որն աջակցում է ԲՐԻԿՍ-ի «հակաամերիկյան» քաղաքականությանը, հարկվելու է լրացուցիչ 10% մաքսատուրքով: Նրա խոսքով՝ որևէ բացառություն չի լինելու։
Չինաստանը չեղարկել է ամերիկյան արտադրության մի շարք կիսահաղորդիչների մաքսատուրքերը