Կրեմլն արձանագրում է Թրամփի հայտարարությունները. Պեսկով

Պեսկովի խոսքով՝ գործելով հսկայական սահմանափակումների ներքո՝ Ռուսաստանի տնտեսությունն իմունիտետ է ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Կրեմլն արձանագրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական խնդրի կարգավորման և հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նոր հայտարարությունները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Թրամփը հայտարարել է` եթե իր նշած ժամկետի ավարտից հետո Ուկրաինայի հարցով պայմանավորվածություն չլինի, Ռուսաստանի դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ, մաքսատուրքեր և «մեկ այլ բան»:

«Շարունակում ենք արձանագրել այն բոլոր հայտարարությունները, որոնք հնչեցնում են նախագահ Թրամփը և այլ միջազգային ներկայացուցիչներ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի տնտեսությունը պատրաստվում է նոր հնարավոր պատժամիջոցների:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը պատժամիջոցների նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել։
«Մենք բավական երկար ժամանակ ապրում ենք հսկայական պատժամիջոցների և սահմանափակումների ներքո։ Ուստի, իհարկե, այդ առումով ձեռք ենք բերել որոշակի իմունիտետ», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։
Հիշեցնենք` Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հրադադարի հասնելու ժամկետի 10-օրյա հաշվարկը սկսվում է այսօր՝ նշելով, որ Ուկրաինայի հարցով գործարքի բացակայության դեպքում մտադիր է սահմանել ներմուծման մաքսատուրքեր, բայց վստահ չէ, թե դրանք կազդեն Ռուսաստանի վրա: