ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Արբիտրաժային դատարանում ՀՀ-ի դեմ հայցապահանջի չափը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։ ՀՀ կառավարությունից օրաթերթին տեղեկացրել են, որ դատարանում են «Walnort Finance Limited-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Amulsar Investor Ventures LLC-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Sanitek S.a.r.l., Sari Haddad և Elias Doumet-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «էյր Արաբիան» ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործերը։
Պարբերականը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ թղթակիցը հարցրել էր, թե արդյոք չի շատանա կառավարության բեռը, երբ ՀԷՑ-ը դիմի արբիտրաժ, և արդյոք կառավարությունն ի վիճակի կլինի այդ միլիոնները վճարելու։
Փաշինյանն ի պատասխան հայտարարել էր. «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը արբիտրաժում պարտվելու է։ ՀՀ-ն էս վերջին շրջանում արբիտրաժում մի քանի գործերով հաղթել ա։ Այսինքն, որ ասում եք՝ «Արբիտրաժ» վե՞րջ: Էլի խուճապը տարածվեց, փախեփախը սկսվեց»։
Կառավարությունից օրաթերթին հայտնել են, որ Հայաստանը հաղթել է 2 դեպքում. առաջինը՝ «Էդմոնդ Խուդյանը և «Արին Կապիտալ Ինվեսթմենթս» ընկերությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» դատի շրջանակում: Ըստ այդմ, վերջիններիս վրա դրվել է համապարտ պարտավորություն՝ Հայաստանի Հանրապետությանը վճարել 337,466.34 ԱՄՆ դոլար՝ ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին վճարված կանխավճարի չափով, ու 400,000 ԱՄՆ դոլար՝ որպես արբիտրաժային գործի շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարած իրավաբանական ծախսերի փոխհատուցում:
Արբիտրաժային 2-րդ հաղթանակը «Ջ. Բորկովսկին և Ռասիա ՖԶէ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն է, որով ամբողջությամբ մերժվել են հայցվորների պահանջները և պարտավորեցրել վերջիններիս Հայաստանի Հանրապետությանը փոխհատուցել ընդհանուր 2,783,250.09 ԱՄՆ դոլար, ինչը հետագայում հարուցված չեղարկման վարույթի արդյունքում հայցվորների կողմից կատարվել է:
«Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար կապ չունի՝ մեկ գործ ավելի կամ պակաս. արտաքին և ներքին պարտքը կայծակնային արագությամբ աճում է, Հայաստանի դեմ հայցերն ավելանում ու ավելանում են: Կարևորը՝ ինքն իր աթոռին է, «փախեփախ» չի անում, մնացածը կվճարի հպարտ հարկատուն»,-գրում է «Ժողովուրդը»։
Հիշեցնենք՝ հուլիսի 23-ին գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարել էր, որ Կարապետյանի ընտանիքը հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը:
«Հետքը» գրել էր, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում է «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան:
Արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը պահանջել է ՀՀ-ից ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավելուց:
Կառավարությունը արձագանքել է միջազգային դատարանի վճռին՝ նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը և ընթացակարգերը։