ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի - Sputnik. Վերջին օրվա ընթացքում Թուրքիայում բռնկված բոլոր 55 անտառային հրդեհներն ամբողջությամբ մեկուսացվել են։ Այս մասին հայտնել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին։
Նրա խոսքով՝ տեղի իշխանությունները հույս ունեն առաջիկայում մեկուսացնել Բուրսա նահանգում բռնկված հրդեհը, որի մարումը շարունակվում է մի քանի օր:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 30 ուղղաթիռ և 855 միավոր ցամաքային տեխնիկա: Հրդեհների մարման գործում ներգրավված է նաև 27 ինքնաթիռ, 105 ուղղաթիռ, մոտ 6 հազար ավտոտրանսպորտ, անտառտնտեսության 25 հազար աշխատակից և 132 հազար կամավոր:
Թուրքիայի արևելյան մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը մոտեցել է 50 աստիճանի, մասնավորապես Սիլոպիում գրանցվել է դիտարկումների ողջ պատմության մեջ նոր ռեկորդ՝ 50,5 աստիճան: Օդերևութաբանության գլխավոր վարչության կանխատեսմամբ՝ մինչև օգոստոսի 2-ը Թուրքիայում կպահպանվի անոմալ շոգը, որը 7-12 աստիճանով կգերազանցի սեզոնի միջին ցուցանիշները: