ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Աերոֆլոտի» կողմից իրականացվող չվերթերի առցանց գրանցումը հասանելի է և բացվում է մեկնումից 24 ժամ առաջ, երեկվա հաքերային գրոհներից հետո օդանավակայանում գրանցվելու գործընթացը բնականոն ռիթմով է իրականացվում։ Այս հայտարարությունն արել է ավիաընկերությունը:
Ավելի վաղ «Աերոֆլոտը» զգուշացրել էր, որ ավիաընկերության տեղեկատվական համակարգերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել, հնարավոր են նաև ծառայությունների աշխատանքի խափանումներ: ՌԴ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Աերոֆլոտի» տեղեկատվական համակարգերի խափանման պատճառը հաքերային հարձակումն է, քրեական գործ է հարուցվել համակարգչային տեղեկատվությանը ոչ իրավաչափ հասանելիություն ստանալու հոդվածով։
Ընկերությունում հավելել են, որ կոնտակտ-կենտրոնի աշխատանքը զգալիորեն ուժեղացվել է, չեղարկվող չվերթերի ուղևորները նախապես տեղեկացվում են: Ուղևորների հետ աշխատանքներում ներգրավվել են նաև այլ ստորաբաժանումների գործընկերներ։
Երեկ «Աերոֆլոտն» իրականացրել է նախատեսված ամենօրյա թռիչքների մոտ 80%-ը: Այսօր ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել Մոսկվայից և հակառակ ուղղությամբ չվերթերի 93%–ը նախնական չվացուցակով։
Հաքերային հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Silent Crow» և «Կիբեռպարտիզաններ BY» (բելառուսցի հաքերների խումբ, որը գործում է երկրից դուրս) հաքերային խմբերը: Նրանք պնդում են, որ մեկ տարի գտնվել են ավիաընկերության կորպորատիվ ցանցում և կարողացել են ստանալ ու վերբեռնել թռիչքների պատմության տվյալների բազան, ոչնչացնել մոտ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվեր, ստանալ ավելի քան 20 ՏԲ տվյալներ, այդ թվում՝ կորպորատիվ փոստ և ներքին փաստաթղթեր: