ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Հովհաննես Մարգարյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում՝ 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Հովհաննես Մարգարյանը, խոցելով 591 միավոր, գրանցել է համաշխարհային ռեկորդ և դարձել Եվրոպայի չեմպիոն», – ասված է հայտարարության մեջ։
Ըստ նախարարության՝ Հայաստանի տղամարդկանց թիմը՝ 1738 միավորով, նվաճել է նաև թիմային բրոնզե մեդալ։
«Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 50 մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևի կանանց պայքարում 572 միավոր արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ։ Հայաստանի կանանց թիմը՝ 1685 միավորով, նվաճել է նաև թիմային արծաթե մեդալ», – նշված է հայտարարությունում։
Նախարարությունը հիշեցրել է, որ վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։