Դատախազությունն ու քննչական կոմիտեն կոծկում են հեռախոսիս գողությունը․ Գեղամ Մանուկյան

Պատգամավորի խոսքով՝ հեռախոսն իր մոտ չլինելու պատճառով չի կարողանում ոչ միայն մուտք գործել սոցիալական ցանցերի իր էջեր, արտահայտել իր մտքերը, այլև պատշաճ իրականացնել աշխատանքային պարտականությունները, քանի որ նշումները ևս հեռախոսի մեջ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik․ ՀՀ գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն կոծկում են ԱԺ պատգամավորից հեռախոսի գողությունը։ Այս մասին ահազանգում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ իր հեռախոսն արդեն 19 օր է՝ քննչական մարմինների մոտ է, ընդ որում՝ առանց այն բռնգրավելու իրավական հիմքի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ի առավոտյան խուզարկություն էր կատարվել ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տանը, որից հետո նրա որդին՝ Տարոն Մանուկյանը, ձերբակալվել էր։ Խուզարկության ժամանակ առգրավել էին համակարգիչներից մեկը, անձնական իրեր, Տարոն Մանուկյանի հեռախոսը, նաև ուժով խլել էին Գեղամ Մանուկյանի հեռախոսը։ Լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանը հայտնել էր, որ դատարանի որոշման մեջ իր հեռախոսի վերաբերյալ ոչինչ չկար։ Իրավապահները պատգամավորի հեռախոսը զննել էին, այնտեղ մի անուն գտել, որը, ըստ Մանուկյանի, հիմա քաղաքական շրջանակներում փորձ է արվում թիրախավորել։ Դրանից հետո իրեն հրավիրել էին պատշգամբ` զրուցելու, ապա ուժով վերցրել հեռախոսը։ Հուլիսի 17-ին հայտնի դարձավ, որ Գեղամ Մանուկյանն իր հեռախոսն ապօրինի բռնագրավելու և պահելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։
Մանուկյանի խոսքով՝ արդեն երկրորդ անգամ էլ է հանցագործության մասին հաղորդում ներկայացրել՝ շեշտելով, որ արարքը հակասահմանադրական է, հակասում է ՀՀ օրենսդրության պահանջներին և այլն։
«ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից բջջային հեռախոսիս փաստացի գողության հետևանքով զրկված եմ ՀՀ քաղաքացիների հետ հանրային շփումների, սոցիալական հարթակներում իմ գործունեությունն ու դիրքորոշումներն արտահայտելու հնարավորությունից։ Իրավապահ մարմինների ապօրինությունների արդյունքում հեռախոսիս հափշտակության պատճառով չեմ կարողանում մուտք գործել «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական հարթակների անձնական էջերս»,- գրել է Մանուկյանը։
Նրա խոսքով՝ բջջային հեռախոսում է պահում նաև աշխատանքային նշումներ, որոնց հասանելիություն չունենալը խաթարում է աշխատանքային պարտականությունների և լիազորությունների պատշաճ կատարումը։
Շեշտում է՝ շուրջ երկու շաբաթ է անցել, սակայն ՀՀ գլխավոր դատախազից որևէ պատասխան, արձագանք չի ստացել, ինչը ևս օրենքի խախտում է։ Քննչական մարմիններից էլ ոչ մի կերպ չի ստացել բջջային հեռախոսի բռնագրավման իրավական հիմքը: Ըստ նրա՝ ստացվում է, որ 19 օր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեն կոծկում են գողությունը: