Ծառուկյանը դատի է տվել Աբովյան համայնքին․ պահանջում է անվավեր ճանաչել տուգանելու որոշումը

Գագիկ Ծառուկյանը. Արխիվային լուսանկար
Ծառուկյանը 200 հազար դրամ տուգանվել է հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու և առանց թույլտվության շինարարություն իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Վարչական դատարանը հայցը ստացել է հուլիսի25-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Հայցադիմումով Ծառուկյանը պահանջում է անվավեր ճանաչել Աբովյան համայնք ղեկավար Էդուարդ Բաբայանի 27.05.2025 թվականի որոշումը։
«Հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով, իսկ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով»,– գրված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանը Ծառուկյանի թիմակիցն է։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին թիվ 10 ընտրատարածքից ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Աբովյան բազմաբնակավայր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքում, Աբովյան համայնքի ավագանու ձայների մեծամասնությամբ ընտրվել է համայնքի ղեկավար։ Էդուարդ Բաբայանը նախկինում նաև Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն էր։