Շինարարության հարկերը շարունակում են աճել. ով է ավելի շատ վճարում պետական բյուջե

Նախ՝ ուժեղացել է շինարարության ոլորտի պետական վերահսկողությունը, ապա՝ ավարտվում է մեծաքանակ բարձրահարկ շենքերի շինարարությունը, որոնցում սկսվել են բնակարանների վաճառքները։ Կրճատվել են ռուսաստանյան ՏՏ ընկերությունների, ինչպես նաև միջազգային վերավաճառողների հարկերը։
Sputnik
Պետությունը սկսել է ավելի խիստ վերահսկել շինարարության ոլորտը, որտեղ նախկինում անընդհատ գրանցվում էր հարկերի թերհավաքում: Այս մասին են վկայում 2025 թվականի առաջին կիսամյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների տվյալները։

Շինարարություն

Նորակառույց բնակարանների գնման հարկային արտոնությունների հաշվին Հայաստանում շարունակվում է շինարարության զգալի աճը (2025-ի առաջին կիսամյակում՝ 18,5%)։ Ընդ որում, շինարարության ոլորտից (ներառյալ շինարարական ընկերությունների, շինանյութերի արտադրողների և մատակարարների) հարկերը միևնույն ժամանակ աճել են շատ ավելի մեծ չափով՝ 34 %-ով՝ մինչև 94 մլրդ դրամ (245 մլն դոլար)։ Սա նշանակում է, որ շինարարները սկսել են ավելի պատասխանատու լինել՝ գրանցելով իրենց շրջանառությունները, որոնք նախկինում թաքցնում էին։
Ճիշտ է, կա մի պատճառ ևս, որը ՊԵԿ-ը նախկինում նշել է. 2022 թվականին շինարարական ընկերությունները սկսել են զանգվածային կառուցապատում, որպեսզի իրենց կառուցած շենքերում բնակարանները հասցնեն հայտնվել նորակառույցների համար նախատեսված հարկային արտոնությունների շրջանակում (2022 թվականից այդ արտոնությունները սկսել են երևանյան բնակարանների համար աստիճանաբար նվազել): Հիմա ավարտվում է այդ շենքերի մեծ մասի շինարարությունը, իսկ նորակառույց բնակարանները սկսում են վաճառվել, ինչն է՛լ ավելի շատ հարկեր է առաջացնում։

ՏՏ

ՏՏ ոլորտի ընկերություններից ստացված հարկերն աճել են մոտ 7%-ով՝ հասնելով 81,4 մլրդ դրամի (մոտ 211 մլն դոլար), բայց հիմնականում շահումով խաղերի ոլորտը սպասարկող ընկերությունների հաշվին՝ 30%-ով (մինչև 23,6 մլրդ դրամ կամ մոտ 85 մլն դոլար)։ Ռուսաստանից Հայաստան տեղափոխված արտասահմանյան ՏՏ ընկերությունների մասնաճյուղերի հարկերը կրճատվել են 8 %-ով՝ հասնելով 19,9 մլրդ դրամի (51,6 մլն դոլար)։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ցուցակում ընկերությունների թիվը (25) չի նվազել, նաև հայտնվել է մեկ նոր ընկերություն (խաղերի մշակող «Entangled»-ը):

Վերաարտահանում

Նախկինում բազմիցս նշվել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել է Հայաստանի միջազգային առևտուրը։ Այսպես, առաջին կիսամյակում ներմուծումը երկիր կրճատվել է գրեթե 40 %-ով (մինչև 5 մլրդ 913 մլն դոլար), իսկ արտահանումը՝ կրկնակիից մի քիչ ավել (մինչև 3 մլրդ 756 մլն դոլար)։ Ակնհայտ է, որ առաջին հերթին կրճատվել է ապրանքների վերավաճառքը, դա պայմանավորված է միջազգային պատժամիջոցներով։ 2025-ի առաջին կիսամյակում այդ ընկերությունները վճարել են մոտ 13 մլրդ դրամ (մոտ 437 մլն) կամ 17%-ով պակաս, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։
Ցուցակում առանձնանում է «MobileCentre» ընկերությունը, որը շրջանառության առումով շատ առաջ է բոլոր մյուս միջնորդ առևտրականներից (տվյալ ընկերությունը ներառված չէ մեր ուսումնասիրության մեջ, քանի որ այն նաև երկրի ներսում է զբաղվում սարքավորումների վաճառքով)։ Ընկերության հարկերն աճել են 2 %-ով՝ հասնելով 33 մլրդ դրամի (ավելի քան 85 մլն դոլար), և «MobileCentre»-ը ցուցակում զբաղեցնում է 1-ին տեղը։ Հարկերի ճնշող մեծամասնությունը կազմում է ԱԱՀ-ն, որի մի մասը, եթե ընկերության ապրանքը չի վաճառվում երկրում, այլ արտահանվում է, հետագայում վերադարձվում է ընկերությանը։

Ֆինանսական հատված

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վճարել են 116,4 մլրդ դրամ (302,5 մլն դոլար), կամ մոտ 30%-ով ավելի, քան 2024թ.առաջին կիսամյակում (ցանկում ներառել ենք նաև բանկոմատների մատակարար-սպասարկող ընկերությունները, ազգային վճարային համակարգը և այլն)։
2024 թվականին, ի համեմատ 2023 թվականի, բանկային համակարգում շահույթն աճել է մոտ 60%-ով։ Մասնավորապես, ավելի քան 34%-ով մեծացել է հիփոթեքի, սպառողական և շինարարական վարկերի ծավալը (սա պայմանավորված է հարկային արտոնությունների հիմքով շինարարական մեծ ծավալներով)։ Ընդ որում, եթե 2022 թվականին, հաշվի առնելով ռելոկանտների ներհոսքը, բանկային համակարգում շահույթն աճել է հիմնականում փոխանցումների միջնորդավճարների հաշվին, ապա 2024 թվականի արդյունքներով աճը վերադարձել է նորմալ շեմին, այսինքն՝ հիմնականում պայմանավորված է վարկերով։ Անցյալ տարի, հիմնականում նաև ռելոկանտների ներդրումների սպասարկման հաշվին զգալի մասնաբաժին ունեցող՝ ներդրումային ընկերություններից հարկային եկամուտների աճ չի գրանցվել։