Ինչո՞ւ է Գյումրու երգող շատրվաններում հնչել «Դոլյա վորովսկայան». պարզաբանում

Գյումրու քաղաքապետարանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատասխանատուի նկատմամբ կարգապահական տույժ կկիրառվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Գյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ քաղաքի կենտրոնական շատրվանները «պարում են» ռուսական քրեական ենթամշակույթի «Դոլյա վորովսկայա» երգի հնչյուների ներքո։ Համայնքի պաշտոնական էջում տարածված հայտարարության համաձայն` տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։
«Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել շտկել առաջացած խնդիրը, իսկ շահագործումն ապահովող պատասխանատուի նկատմամբ (համապատասխան բացատրագիր ստանալուց հետո) անհրաժեշտության դեպքում կկիրառվի կարգապահական տույժի միջոց։ Հայցում ենք ներողություն գյումրեցիներից՝ առաջացած անհարմարության համար»,– ասված է հայտարարության մեջ։
Համացանցում տարածված տեսանյութին արձագանքել էին իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Ռուսական «Դոլյա Վորովսկայա»-ի երգին իր ֆեյսբուքյան էջում ռուսերեն գրառմամբ արձագանքել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!»,–գրել է Փաշինյանը։
Պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում միջադեպին անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ասելով, թե դա միտումնավոր է արվել։
«Որովհետև հիմա հաքերներն ինչ ասես` անում են, կարող է էգուց էլ ադրբեջանական երաժշտություն դնեն, որովհետև հիմա տեխնիկան այնպիսին է, որ ինչ ասես` կարող են անել։ Քաղաքապետը դրա հետ կապ չունի։ Ես քաղաքապետ եմ, էդ կյանքի հետ ընդհանրապես կապ չունեմ»,– ասել է Ղուկասյանը։
Հավելենք, որ Գյումրու քաղաքապետարանի պարզաբանման մեջ նշված է նաև, որ տեխնիկական անսարքությունը վերացվել է և վստահեցնում են՝ վերահսկողությունը խստացվելու է նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։