Գազայի հատվածին Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել. ԶԼՄ

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Խան Յունիսում ավերված շենքերի փլատակներում տուժածներ են մնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այս գիշերը Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, տասնյակ մարդիկ տուժել են։ Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով պաղեստինյան առողջապահական աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առավել ինտենսիվ ռմբակոծության և հրետակոծության է ենթարկվել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքը, հարվածներ են հասցվել նաև Դեյր էլ Բալահի բնակելի շենքերին և պաղեստինյան կիսաէքսլավի կենտրոնական մասում գտնվող Էլ Մաղազի ճամբարին։ Խան Յունիսում ավերված շենքերի փլատակներում շարունակում են մնալ տուժածներ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին վերսկսված Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 8 600 մարդ, վիրավոր է շուրջ 33 000-ը։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման գրոհայինները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա։ Նրանք պատանդ վերցրին ավելի քան 200 անձանց: Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Իսրայելի պաշտպանության բանակն ի պատասխան սկսեց «Երկաթե թրեր» գործողությունը և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: