ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող մարզական հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները մի շարք մեդալների են արժանացել, այդ թվում՝ 2 ոսկե։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Ոսկե մեդալներ են նվաճել Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան և Արուսյակ Գրիգորյան եռյակը՝ 1103 միավոր արդյունքով դառնալով Եվրոպայի առաջնության հաղթող։
Վազող թիրախ խառը վազք մրցաձևում էլ Գոռ Խաչատրյանը 385 միավորով է դարձել Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում Աիդա Ազատյանը 369 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Լիլիթ Մկրտչյանը, տոնելով իր նորամուտը Հայաստանի հրաձգության հավաքականում, նվաճել է երիտասարդների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։
Վազող թիրախ միքս մրցաձևում Հովհաննես Մարգարյան և Արուսյակ Գրիգորյան զույգն էլ նվաճել են Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Շատորու քաղաքում հուլիսի 23-ից օգոստոսի 7-ն անցկացվում է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը: