Երևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է հորանում՝ վերելակի խցիկի տակ

Վերելակի հորան. Արխիվային լուսանկար
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացուն, նա հոսպիտալացվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Երևանի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել` քաղաքացին մնացել է վերելակի խցիկի և հորանի արանքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է հուլիսի 28-ին՝ ժամը 04։02-ին։
Ըստ ահազանգի՝ Երևանի Հանրապետության փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում վերելակի խցիկն իջել և հենվել է հորանում գտնվող քաղաքացու վրա։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ քաղաքացու` վերելակի հորանն ընկած բանալին վերցնելու ժամանակ տեղի է ունեցել հոսանքի տատանում, ինչի հետևանքով նա արգելափակվել է վերելակի խցիկի տակ։ Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրան տեղափոխել են բժշկական կենտրոն։