ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik․ Արցախի բռնազավթված տարածքներում բռնկված և տարածվող հրդեհները լուրջ սպառնալիք են հայկական պատմամշակութային ժառանգության շուրջ 100 հուշարձանի համար։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։
Կրակի տարածման գոտում են Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։
Արցախի բռնազավթված տարածքներում բռնկված և տարածվող հրդեհները լուրջ սպառնալիք են հայկական պատմամշակութային ժառանգության շուրջ 100 հուշարձանի համար
«Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն` հրդեհի հետևանքով արդեն վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ»,- հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։
Շեշտում են՝ Ադրբեջանի Հանրապետությունը, ունենալով փաստացի վերահսկողություն բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը, ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհները մարելու և հասցված վնասները վերականգնման ուղղությամբ։
Նախարարությունը դիմում է նաև միջազգային կառույցներին և մասնագիտացված կազմակերպություններին՝ իրենց մանդատի շրջանակում պատշաճ գնահատական տալու ստեղծված իրավիճակին և իրականացնելու գործուն քայլեր Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար։