ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Կոտայքի մարզի «Հայփոստի» վարչական շենքի հարակից տարածքում հուլիսի 26–ին վիճաբանություն է տեղի ունեցել, արդյունքում 2 քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի բնակիչներ՝ 16-ամյա Մհեր Մ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, և 19-ամյա Պողոս Պ․-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Վիճաբանությանը մասնակցել են հիվանդանոց տեղափոխված Պողոս Պ․-ն և Մհեր Մ․-ն, նրանց ընկերը՝ Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Նարեկ Ա․-ն, իսկ մյուս կողմից Կոտայքի մարզի Նոր Գեղի բնակավայրի բնակիչներ 25-ամյա Գոռ Բ․-ն և 20-ամյա Գարիկ Բ․-ն։
Վիճաբանության ժամանակ Գարիկ Բ․-ն իր մոտ եղած սուր-կտրող-ծակող առարկայով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Պողոս Պ․-ին և Մհեր Մ․-ին։
Իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում կասկածյալ Գարիկ Բ․-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, որտեղից էլ նրան ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ Գոռ և Գարիկ Բ․-ն եղբայրներ են։