Թուրքական Roketsan-ը որպես բեռնարկղ քողարկված հրթիռների արձակման համակարգ է ներկայացրել

Վեց կամ տասներկու մետր երկարությամբ ստանդարտ բեռնատար կոնտեյներից նախատեսվում է արձակել միանգամից վեց «երկիր-երկիր» Kara Atmaca թևավոր հրթիռ՝ մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Թուրքական Roketsan-ը Ստամբուլում անցկացվող IDEF միջազգային պաշտպանական ցուցահանդեսում ներկայացրել է հրթիռների արձակման համակարգ, որը քողարկված է որպես սովորական բեռնատար կոնտեյներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Ցուցահանդեսն անցկացվում է Ստամբուլում հուլիսի 22-27-ը, ավանդույթի համաձայն՝ այնտեղ ներկայացված են պաշտպանական արդյունաբերության մի շարք նորույթներ, կնքվել են մի շարք կարևոր գործարքներ, այդ թվում՝ Ինդոնեզիային թուրքական KAAN կործանիչների մատակարարման վերաբերյալ: Այս անգամ ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 230 պատվիրակություններ ավելի քան 100 երկրներից:
Roketsan-ն իր մշակումը ցուցադրել է Աթաթուրքի օդանավակայանի տարածքում գտնվող ցուցահանդեսային հարթակում: Վեց կամ տասներկու մետր երկարությամբ ստանդարտ բեռնարկղից նախատեսվում է արձակել միանգամից վեց «երկիր-երկիր» Kara Atmaca թևավոր հրթիռ՝ մինչև 300 կիլոմետր հեռահարությամբ: Բեռնարկղում տեղակայված է արձակման կառավարման կետը:
Ընդգծվում է, որ նման «կամուֆլյաժի» շնորհիվ դժվար կլինի հաշվարկել, թե բեռնարկղերից որ մեկում կարող է լինել արձակման կետը, և հարձակումը կարող է անսպասելի լինել:
Վեց մետր երկարությամբ և 890 կիլոգրամ քաշով Kara Atmaca հրթիռը կարող է դիմադրել ալիքային խափանումներին, տեղադրված է մարտավարական անվավոր տրանսպորտային միջոցների վրա և նախատեսված է անշարժ թիրախներին հարվածելու համար: