ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ Մեր օրերում, երբ կեղծ գաղափարներով խեղաթյուրվում է մեր արժեհամակարգը, այսպիսի եկեղեցական շինություններն ու սրբավայրները իրենց կրոնական և ծիսական նշանակությամբ հավատքի զորակցման, հոգու փրկության և Աստվածահաճո կյանքի ամրապնդման խորհրդաբեր օջախներ են։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությանն ասել է Գարեգին 2–րդ Ամենայն հայոց կաթողիկոսը, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Այսպիսի օրհնյալ վայրում հավատացյալի հետ հանդիպում են ժամանակն ու հավերժությունը, երկնավորն ու երկրավորը, քանզի հոգուց բխած աղոթքները երկինք են հասնում և աստվածային օրհնությունն են հեղում Փրկչին հուսացողների սրտերին», - շարունակել է վեհափառը։
Նա հայտնել է՝ հայրապետների շիրիմների ամփոփման համար պանթեոն կառուցելու նախաձեռնությունը ծրագրվել էր դեռ1955 թ.՝ Վազգեն Ա-ի օրոք։
«Մեզ համար մեծ ուրախություն եղավ, որ նախապես տեղյակ չլինելով այս նախաձեռնությանը՝ Մենք նույնպես մտահղացումը ունեցանք Կաթողիկոսական դամբարան հաստատելու Սուրբ Էջմիածնում»։
Շարականների ու սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին աղոթասրահի երկու մատուռների Սուրբ սեղանները, ապա Ամենայն հայոց կաթողիկոսն օծեց դրանք՝ անվանակոչելով մատուռները հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անուններով: Մատուռներում զետեղվեցին նաև առաքյալների մասունքներ։
Կաթողիկոսական դամբարանը և մոմավառության աղոթասրահը կառուցվել է ազգային բարերար, լուսահոգի Գառնիկ Յակուբյանի և տիկին Անահիտ Չաթալպաշյան-Յակուբյանի հովանավորությամբ։