Կոնգոյում ավելի քան 20 մարդ է զոհվել կաթոլիկ եկեղեցու վրա ապստամբների հարձակման հետևանքով

Հարձակման հետևանքով այրվել են նաև տեղի բնակիչների մի քանի տներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ավելի քան 20 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևելքում կաթոլիկ եկեղեցու վրա «Կոնգո գետի դաշինք» ապստամբական շարժման անդամների հարձակման հետևանքով, հաղորդում է AP գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան Իտուրի նահանգի Քոմանդա բնակավայրի կաթոլիկ եկեղեցու տարածքում։ Նշվում է, որ հարձակվողները նաև մի քանի բնակելի տուն ու խանութ են հրկիզել:
«Ավելի քան 21 մարդ է գնդակահարվել ներսում և դրում, և մենք նաև հայտնաբերել ենք առնվազն երեք ածխացած մարմին, մի քանի տուն այրվել է»,-Associated Press-ին ասել է տեղի քաղհասարակության ղեկավար Դյոդոնե Դուրանտաբոն:
Կոնգոյի ԴՀ բանակի Իտուրի նահանգի ներկայացուցիչ, լեյտենանտ Ջուլես Տգոնգոն հաստատել է եկեղեցու վրա հարձակման հետևանքով տասը մարդու մահը:
«Մաչետեով զինված մարդիկ հարձակվել են Քոմանդայից ոչ հեռու գտնվող եկեղեցու վրա, որտեղ մոտ տասը մարդ է սպանվել և մի քանի խանութ է հրկիզվել»,- գործակալությունը մեջբերում է Տգոնգոյի խոսքը: