ՀՌԳ-ն շարունակվում է, որովհետև Կիևը չի ուզում դիվանագիտական երկխոսություն վարել. Պեսկով

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են կառուցվելու հարաբերությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ ներկայումս այդ հարցը «չափազանց տեսական է»:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հատուկ գործողությունն ընթանում է, քանի որ Կիևի ռեժիմը մերժել է Մոսկվայի հետ քաղաքական-դիվանագիտական միջոցներով երկխոսության անցկացումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է, որ հիմա վաղ է խոսել հատուկ գործողությունից հետո երկու երկրների հարաբերությունների մասին, քանի որ նախևառաջ անհրաժեշտ է լուծել բոլոր առաջադրված խնդիրները:
Մոսկվան կցանկանար դա անել, ինչպես նշել է Պեսկովը, քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
«Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է այն պայմաններում, երբ այդ միջոցներն անհնարին են դարձել, երբ երկխոսության բոլոր առաջարկները մերժվել են թե՛ հենց Ուկրաինայի, թե՛ Արևմուտքի կողմից»,-եզրափակել է մամուլի քարտուղարը:
Հուլիսի 23-ի երեկոյան Ստամբուլում կայացել է ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլը 2022 թվականից ի վեր՝ նվիրված երկու երկրների միջև հակամարտության կարգավորմանը։ Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց փոխանակման վերաբերյալ:
Նախորդ երկու հանդիպումները՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին, նույնպես կայացել են Թուրքիայում: