ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Գազայի հատվածի շրջափակման ֆոնին թերսնումից մահացածների ընդհանուր թիվը հասել է 133-ի, այդ թվում՝ 87 երեխա, հայտնել է պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը:
«Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից մարդկանց մահվան վեց դեպք, մահացածներից երկուսը երեխաներ են: Այսպիսով սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 133-ի, այդ թվում՝ 87 երեխա»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ։
Գազայի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտարարություն էր տարածել՝ նախազգուշացնելով, որ բնակչության մահացության կտրուկ աճ է սպասում՝ թերսնման և բժշկական օգնություն ստանալու անհնարինության ֆոնին:
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կիրակի օրը հայտնել է Գազայի հատվածի մի շարք շրջաններում ամենօրյա «ռազմական գործողությունների մարտավարական դադար» հաստատելու մասին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից մինչև 20:00-ն, «Գազայի հատված ստացվող մարդասիրական օգնության ծավալների մեծացմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում»: Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ ժամը 06.00-ից մինչև 23.00-ն (համընկնում է Մոսկվայի ժամանակի հետ) մշտապես կգործեն առանձնացված անվտանգ երթուղիներ, որոնք կապահովեն Գազայի հատվածի բնակչությանը պարեն և դեղորայք մատակարարող ՄԱԿ-ի ավտոշարասյուների և մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպությունների անվտանգ անցումը։
Ավելի վաղ պաղեստինյան կիսաէքսկլավին սահմանակից Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգի նահանգապետ Խալեդ Մուգավերը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ մեծ թվով մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ հինգշաբթի մտել են Գազայի հատված: Նա նշել էր, որ դա հնարավոր է դարձել եգիպտական կողմի քաղաքական ջանքերի արդյունքում։ Al Qahera News-ը հայտնել էր, որ ուրբաթ օրը Գազա է մտել 117 բեռնատար։