ԵԱՏՄ երկրները 37,8 մլն դոլար կուղղեն արդյունաբերական կոոպերացիային․ Գոհար Բարսեղյան

Խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ինչպես նաև ցույց տալ փորձնական մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը հայտնել է ԵԱՏՄ երկրներում արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման վերազգային ծրագրի մեկնարկի մասին:
Նախարարն ընդգծել է, որ դա կարևոր քայլ է Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման գործում։ 2025 թվականի համար միության բյուջե է մուտքագրվել մոտ 3 միլիարդ ռուբլի կամ 20,6 միլիարդ տենգե (37,8 միլիոն դոլար): Նա պատմել է նոր հնգամյա պիլոտային նախագծի մասին։
«Նախատեսվում է առնվազն երեք պետությունների մասնակցությունը արդյունաբերության բոլոր ուղղություններով, բացի սննդամթերքի վերամշակումից, որը ներկայումս քննարկվում է ագրոարդյունաբերական համալիրի հարցերով համագործակցության շրջանակներում։ Սուբսիդավորում ենք 100% հիմնական դրույքաչափը, գումարած դրույքաչափի մինչև 5-6% յուրաքանչյուր ծրագրի համար: Մեկ տարվա ընթացքում նախատեսվում է հատկացնել 350 մլն ռուսական ռուբլի»,-ասել է Բարսեղյանը։
Նախագծի մեկնարկից հետո, նախարարի խոսքով, բիզնեսի հետաքրքրվածությունը մեծանում է։ ԵՏՀ-ում սպասում էին առաջին պիլոտային նախագծերի հաստատմանը, որոնք ուղենիշ կդառնան բիզնեսի համար, և այժմ հանձնաժողովն ավելի շատ նախագծային հայտեր է ստանում:
Հետագա խնդիրն է հաջողությամբ գործարկել նախագիծը, ցույց տալ պիլոտային մեխանիզմի ինտեգրացիոն ազդեցությունը՝ արդյունաբերական ձեռնարկությունների համար աջակցության այլ միջոցների օգտագործման հնարավորությունը քննարկելու նպատակով: